Архив | Апрель, 2014

Թատրոնի օրը տիկնիկների զարմանահրաշ աշխարհում

9 Апр

 

Изображение

Այսօր՝ Թբիլիսիում գտնվելու նախավերջին օրը, մեզ հրավիրել էին տիկնիկային ներկայացում  դիտելու: Կարծում էինք՝ այն ներկայացվելու է Պետրոս Ադամյանի անվան թատրոնի շենքում, Հավլաբարում, սակայն, երբ հասանք տեղ, պարզվեց, որ շենքը գտնվում է վթարային վիճակում: Մեծ եղավ մեր զարմանքը, երբ նույն Հավլաբար թաղամասում, մի փոքր տան մեջ հանդիպեցինք տիկնիկների աշխարհի: Սկզբում լուրջ չէինք վերաբերվում, քանի որ մտածում էինք, որ մանկական ներկայացում պիտի լինի ու մեզ այնքան էլ չհետաքրքրի: Մտանք բակ, ինչպես մեզ ուղեկցող կանադահայ քեռի Արտակն ասաց՝ օազիս՝ անապատի մեջ: Մեզ դիմավորեց տիկնիկների աշխարհի տիրուհին՝ տիկին Ժաննան: Քիչ անց սկսվեց տիկնիկայինը: Դիտում էինք, զմայլվում, զարմանում, ապրում… մենք զգում էինք տիկնիկների շունչը, տեսնում էինք նրանց միմիկան: Հետաքրքիր բան. նրանք էլ մեզ էին զգում: Սիրեցինք, հարազատացանք տիկնիկների հետ, դժվարությամբ կտրվեցինք: Դուրս եկանք և խոստացանք, որ ամեն անգամ, Թբիլիսիում լինելիս կայցելենք այս զարմանահրաշ աշխարհը:

Изображение

Изображение

 

Ես սիրեցի Թբիլիսին

3 Апр

IMG_20140528_194022

Ամեն անգամ, երբ Գեղարվեստի դպրոցը պատրաստվում էր գնալ Թբիլիսի, ինչ-որ խոչընդոտ էր առաջանում, և ես չէի կարողանում գնալ, սակայն իմ նկարները շատ անգամ են մեկնել ու ցուցադրվել Վրաստանում:

Վերջապես, այս անգամոչինչ չխանգարեց, ու ես մեկնողների խմբում էի: Առաջին անգամ էի լինելու Թբիլիսիում, և Թբիլիսիի թիվ 98 դպրոցում ներկայացնելու էինք «Բարև, պարոն Պիկասո» ցուցահանդեսը: Շարժվում էինք մեր ուսուցիչների ծրագրած ուղղություններով՝ պլեներ Թբիլիսիի փողոցներում, հանդիպումներ դպրոցներում, քայլարշավ…. պլեների ժամանակ ինձ դուր եկավ մի շենք, այն մոդեռն տեսք ուներ, երևի հենց դա էլ գրավեց իմ ուշադրությունը: Ես մեծ սիրով նկարեցի այդ շենքը:

Մեկնելուց առաջ, բացի իմ նկարչական նյութերից, վերցրել էի «Լեոնարդո դա Վինչի» գիրքը, որպեսզի ազատ ժամանակ կարդայի, բայց օրն այնքան բազմազբազ ու հագեցած էր անցնում, իսկ ազատ ժամանակ ունենալիս զբոսնում էինք հին և նոր փողոցներում: Ես շատ սիրեցի Թբիլիսին, այն ինձ գրավեց իր ճարտարապետությամբ, հյուրընկալությամբ: Գեղեցիկ էր քաղաքը և՛ առավոտյան, և՛ երեկոյան:

Ճիշտ է, առաջին անգամ էի այնտեղ, բայց կարծես ամեն ինչ հարազատ լիներ, ինձ օտար չէի զգում:

Շատ հայերի էինք հանդիպում, ովքեր ողջունում էին մեզ շատ ջերմ, պատահում էր, որ կանգնում էինք, զրուցում, հարցուփորձ անում:

Հավլաբարում մեզ հրավիրեցին տիկնիկային ներկայացում դիտելու: «Տիկնիկների տունը» պատկանում էր տեղի հայ համայնքին: Իսկ թե ի՞նչ տեսա…. բառեր չեմ գտնում արտահայտելու տեսածս: Ես շատ տիկնիկային ներկայացումներ էի դիտել, տարբեր երկրների, սակայն այս մեկը տեսածներիցս ոչ մեկին նման չէր, բոլոր պատերը ծածկված էին խամաճիկներով, չնայած տունը շատ հին էր: Ես զգում էի տիկնիկների կենդանությունը, կարծես իրական լինեին: Հետո խոստացա, որ երբ

կրկին գամ Թբիլիսի, անպայման կայցելեմ արդեն հարազատ դարձած տիկնիկիներին, իսկ ներկայացումները էլի ու էլի կցանկանամ դիտել:

Շատ հետաքրքիր էր անցնում ժամանակը Թբիլիսիում, ձանձրույթի ու պարապության րոպե չունեցանք: Լավն էր մեր ընկերախումբը՝ ուրախ, բարի, հետաքրքիր: Անպայման ուզում եմ ասել, որ տիար Բլեյանը Թբիլիսիում էլ չանտեսեց մեզ. նա մեզ համար երկու կապոց ուտելիք էր բերել, որը բոլորս միասին համերաշխորեն կերանք:

Ինձ շատ բան տվեց այս ճանապարհորդությունը:

Երբ պետք է վերադառնայինք, բոլորս էլ շատ էինք տխրել: Մեծ էր ցանկությունը՝ մի քանի օր ևս մնալու, սակայն ժամանակը լրացել էր: Հետո, երբ արդեն Հայաստանում էինք, հասցրեցի կարոտել Թբիլիսին:

Ուրախ եմ ու շնորհակալ, որ սովորում եմ ինձ համար ստեղծված կրթահամալիրում: