Архив | Сентябрь, 2014

Ես քեզ սպասում էի…

27 Сен

getImageCAQDVQ58

Աշուն….երբեք չեմ զլանա խոսել այդ եղանակի մասին, սակայն աշունն ինձ համար միայն եղանակ չէ, այլ նաև հոգեվիճակ:

Այնքան խորհրդավորություն կա քո մեջ, այնքան անկեղծ զգացմունքներ:

Ամեն բան գեղեցիկ է աշնանը և հաճելի: Դեռ չի սկսվել խորը աշունը, բայց ես շտապում եմ խոսել նրա մասին, քիչ-քիչ բակերը, փողոցներն ու այգիները աշնանային գույներ և երանգներ կստանան, և զբոսնելը ավելի հաճելի կլինի…

Աշուն, իմ աշուն, որքան եմ սիրում քեզ…

Ինչպես ամեն տարի, այս տարի ևս պատրաստվում եմ աշնանային էտյուդներ նկարել. ես մեծ բավականություն եմ ստանում նկարել աշնանը ու նկարել աշուն:

Աշունը ոգեշնչում ու դեպի առաջ է մղում ինձ: Աշնան հոտը, մի քիչ խոնավ օդը, տերևների սոսափն ու նրանց ընկնելը երևակայությանս ստիպոմ են առաջ ընկնել ամեն ինչից, ստեղծագործել, ապրել մի ուրիշ աշխարհում, ուր ամեն ինչ այնքան բարի է, անկեղծ, զգացմունքային, այնքան ջերմություն ու կենդանություն կա նրանում. երկնային եղանակ է:

Անգամ թեյը սիրում եմ խմել աշնանը. այն ուրիշ համ ունի այդ  ժամանակ:

Աշնանը, բաց պատշգամբում, տաք թեյը կողքիդ, գիրքը ձեռքումդ, որը պատրաստվում ես կարդալ, միևնույն ժամանակ զմայլվում ես առջևումդ բացված գեղեցիկ բազմագույն տեսարանով: Սիրտդ խնդում է գույներից,  մեղմ քամուց, ապակուն ընկնող անձրևի կաթիներից: Իսկ աշնանային անձրևները պարզապես աննկարագրելի են:

Քամին, անձրևը, ամպամածությունը, տերևների բազմազանությունը և դրանց խշշոցը, մարդկանց սև զգեստները, բարակ վերարկուները, հովանոցներն՝ ամենքի ձեռքում, որոշ փողոցների իմաստալից լռությունը թախծոտ տրամադրություն ստեղծելով՝ ապրեցնում են քաղաքը և ինձ: Այդ ամենի մեջ ես տխրության մի նշույլ անգամ չեմ տեսնում, դա ինձ համար իմաստալից խորհրդավորություն է, որովհետև աշուն է:

IMG_7007