Архив | Май, 2015

Վերջին դասը Ես երբեք չեմ մոռանա այս օրը

21 Май

hhhhhhhh

Մեր վերջին դասը… վերջին անգամ էինք բոլորս միասին դասի նստած: Անսովոր էր մի քիչ, անսովոր էր, որ դասը ոչ թե ինչ-որ առարկայի էր վերաբերում, այլ երեք տարիների ամփոփումն էր հուշերով, դեպքերով ու դեմքերով: Ես շատ էի ուզում խոսել, պատմել լավ ու վատ անցկացրած այս տարիները, բայց հուզմունքը կաշկանդել էր: Այսօր բոլորն էլ մի քիչ ուրիշ էին, և երևի ոչ ոք՝ ո՛չ դասընկերներս, ո՛չ ուսուցիչներս չնկատեցին իմ տխրությունն ու ափսոսանքը: Ափսո՜ս… ահա վերջ եմ դնում դպրոցական անհոգ ու անփոխարինելի օրերին: Իսկ այսօրը ապրեցի ագահաբար,  լսում էի, նայում բոլորին, մտքումս նկարում ամենքին, որպեսզի ընդմիշտ ապրեմ նրանց հետ: Այս օրերը, տարիները արդեն խորը դաջվել են մտքերումս, սրտումս: Պատկերացրեք՝ սառնությունից ու անգունությունից մտնում  ես մի աշխարհ, որտեղ բոլորը, առանց բացառության, քեզ սիրում ու ընդունում են այնպիսին, ինչպիսին որ կաս, միջավայր, որտեղ քեզ տալիս են միայն ջերմություն, ազատություն, տալիս են սեր, անկեղծություն…հիշողություններ և հույզեր… էլ ինչպե՞ս կարող ես հեշտությամբ թողնել և հեռանալ: Բոլորս իրար խոստացանք, որ չենք դադարի սեբաստացի լինել, կգանք ու կգնանք: Արդյո՞ք…. Այսօր մենք միմյանց շապիկներին թողեցինք մեր սրտից եկած խոսքերը, բարեմաղթանքները: Երբ տուն եկա՝ կարդացի ու շատ հուզվեցի, որովհետև

այնքա՜ն անկեղծություն կար այդ բառերի մեջ, այնքա՜ն սեր:

Շնորհակալ եմ բոլորիդ, ի՛մ ընկերներ, ի՛մ ուսուցիչներ, ի՛մ տնօրեն, շնորհակալ եմ այս տարիների, չէ, այս ակնթարթի համար…

Ափսոսում եմ, որ ավարտում եմ, իսկապես կցանկանայի ևս երեք այսպիսի տարիներ անցկացնել մեր կրթահամալիրում… Ի սրտե, ձեր՝ Մոնիկա

Monica Mehrabian

12 Май

_mg_0248

Ահա այն ամենը, ինչի հասա, շնորհակալ եմ կրթահամալիր…

Ավարտում եմ, իսկապես չեմ հավատում, որ արդեն առավոտյան դպրոց գնալու փոխարեն համալսարան պետք է գնամ, որ էլ իմ սիրելի ուսուցիչները ինձ չեն դասավանդելու, որ էլ մեր դպրոցի արվեստանոցներում չեմ ստեղծագործելու:

Ես շատ շնորհակալ եմ իմ կրթահամալիրին այս անմոռանալի երեք տարիների համար, դրանք լիովին փոխեցին իմ կյանքը, դարձա ավելի կրթված, բանիմաց, ինքնուրույն, անհատականություն: Ես պարզապես վստահ եմ, որ այն ամենը, ինչ սովորել եմ կրթահամալիրում երբեք ոչմի տեղ չէի կարող սովորել: Ես այստեղ մեծ-մեծ քայլերով առաջ գնացի, հմտացա արվեստում, ծլարձակվեցի ու աճեցի-աճեցի: Չեմ կարողանում պատկերացնել, որ այս ամենից հետո սովորելու եմ այլ տեղ, այլ շենքում ու թաղամասում: Գիտեմ՝ շաատ-շաատ կկարոտեմ այն ուրախ և տխուր օրերը, որ ունեցել եմ կրթահամալիրում, ճամփորդությունները, զավեշտալի դեմքերն ու դեպքերը….հիմա էլ, գրելիս, աչքերիս առաջ են գալիս այդ օրերը, այնքան հոգի կա այդ հիշողություների մեջ, արցունքներս չեմ կարողանում զսպել…. երևի չհավատաք, բայց իսկապես ես ապրել եմ մի ընթացք, որն ինձ փորձությունների ենթարկելով, սովորեցրեց իրական ապրել, հասունանալ, մտածել, ճիշտ և խելացի դատել; Կկարոտեմ այն երկար ճանապարհները, որ գնում էինք, կկարոտեմ այդ ընթացքում դասընկերներիս և ուսուցիչներիս հետ անցկացրած օրերը, այնքան-այնքան շատ են այդ հիշողություները՝ հիմա արդեն բարի, ծիծաղելի, անհիշաչար: Էլի ասեմ, որ արվեստը իմ մեջ ձևավորեց իմ դպրոցը՝ գեղարվեստի դպրոցը:

Իմ երեք տարիների աշխատանքները և ստեղծագործությունները…